Ռուսաստանի եւ Հայաստանի ամուր բարեկամական հարաբերությունները փորձությունների եւ սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, կողմերը սերտ կապեր են պահպանում տարբեր ոլորտներում։ Այս մասին հինգշաբթի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«[Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ] մարդկային կապերն անխզելի եւ դարավոր են՝ դա պետությունների միջեւ լավագույն հիմքն է։ Քիչ չեն այդ հիմքը փորձությունների ենթարկել ցանկացողները, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության, եւ որ հայերի ու ռուսների միջեւ ջերմ, անկեղծ եւ իսկապես բարեկամական զգացմունքները չեն կարող ենթարկվել որեւէ սադրանքի»,- ասել է Լավրովը։
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ տնտեսությունը, ռազմատեխնիկական համալիրը, հումանիտար եւ կրթական ոլորտները, բարձր տեխնոլոգիաները եւ մի շարք այլ ոլորտներ։ Բացի երկկողմ օրակարգից, կողմերի շփումներում կարեւոր թեմա է մնում ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծել է Լավրովը։
«Մենք գիտենք, որ սա առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Որովհետեւ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը կարեւորագույն նշանակություն ունի ձեր երկրի զարգացման, մեր առեւտրատնտեսական հարաբերությունների եւ զուտ մարդկային հարաբերությունների զարգացման համար,- շարունակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ դիմելով նախագահին,- Այս ամենը շատ օգտակար է մեր ընդհանուր՝ հարավկովկասյան տան համար։ Մենք ամեն կերպ կօժանդակենք»։