Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. նախագահ

Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրային հեռուստանընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ  նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։

«Հաճելի պատմություններից չէ, բայց… իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է  Վահագն Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանն հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակել է   ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։

Հարցին, թե պաշտոնավարման 100 օրերի ընթացքում եղե՞լ են դեպքեր, որ աշխատանքային կոնֆլիկտ ունենա Կառավարության կամ էլ Ազգային ժողովի հետ, հաշվի առնելով ընդդիմության քննադատությունները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Վահագն Խաչատուրյանը չի հակադրվելու իշխանություններին, նախագահը պատասխանել է.

«Հակադրվելը չպետք է ինքնանպատակ լինի։ Աշխատանքային խոսակցություններ եղել են թե՛ Կառավարության, թե՛ ԱԺ ներկայացուցիչների հետ։ Որոշ հարցերի շուրջ մեր փորձագիտական խումբը խնդիրներ է տեսել, եւ մենք փորձել ենք լուծել, ինչը ստացվել է։ Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքի, իսկ այդ աշխատանքը կախված է մեզնից, թե մենք ինչքանով ենք պատրաստ օրենսդրական նախաձեռնություններին նախօրոք ծանոթանալ, եւ դրանք ոչ թե ընդունվելուց հետո քննարկման առարկա դարձնել, այլ մինչ դրանց ընդունելը»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը Կառավարության հետ հարաբերությունները նորմալ, աշխատանքային է գնահատել. «Ես տեղեկացված եմ բոլոր հարցերի վերաբերյալ, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին քաղաքական եւ տնտեսական։ Սա ոչ թե իմ ցանկությունն է, այլ՝ օրենքի պահանջ»։

Հաղորդավարի հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում փորձե՞լ է զրուցել ընդդիմադիրների հետ, որոնք մեկուկես ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում վրաններ էին տեղադրել եւ պարալիզացրել քաղաքը, Վահագն Խաչատուրյանը նշել է, թե առաջին օրվանից ասել է, որ բաց է քննարկումների համար, բայց մի պայմանով։

«Եթե դա լինում է քաղաքակակիրթ ձեւով, նորմալ բառապաշարով, հռետորաբանությունը պետք է լինի համապատասխան, որովհետեւ ես չեմ փորձելու որեւէ մեկին դաստիարակել, եւ որեւէ մեկն էլ չպետք  է փորձի ինձ դաստիարակել, արդեն այդ տարիքում չենք։ Առիթից օգտվելով ասում եմ՝ պատրաստ եմ այդ խոսակցություններին, բայց առաջին իսկ օրվանից խորհրդարանական ընդդիմությունը այդ երկխոսությունից հրաժարվել էր»,– ասել է նախագահը ու հավելել, որ ինքը պատրաստ է նրանց հետ հանդիպել, բայց ընդդիմությունը այդ ցանկությունը չունի։

Վահագն Խաչատուրյանը խուսափել է պատասխանել հարցին, թե ընդդիմության գործողությունները Հայաստանի համար օգտակա՞ր են եղել, թե՝ ոչ, պատճառաբանելով, որ քաղաքական գնահատականներ տալ չի ցանկանում։

Spread the love