Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման օրակարգում էին՝
• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը
• Սակագների վերանայումը
• Տրանսպորտային միջոցների սակավությամբ պայմանավորված՝ հնարավոր խնդիրների առկայությունը
• Արտոնյալ պայմաններով անձանց սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Այս հանդիպումը ևս արդյունավետ եմ համարում, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ ուղղվեցին, որոնք նաև իմ հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:Սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները շարունակում են բարձրաձայնվել քաղաքացիների կողմից և քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշեց, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:Բարձրացված մի շարք հարցեր առաջիկայում ևս բազմակողմանի կուսումնասիրվեն:
Մինչ այդ, արձանագրելով միասնական տրանսպորտային երթուղու գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ, և այս խնդիրենրը լուծելու ուղղությամբ մեր կամքը ամուր է, մեր քայլերը՝ հաստատուն. անել առավելագույնը, որպեսզի քաղաքացիները չտուժեն: