Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի եւ ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։

Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։

Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։

Spread the love