Անընդունելի է համարվել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արթուր Հովհաննիսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են իտալացի վելուծաբանների, քաղաքագետների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վելուծաբանների եւ քաղաքագետների:

Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները:

Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կարեւորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Կարեւորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձը:

Ներկայացվել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Քննարկվել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները:

Spread the love