Մոսկվան տարակուսանքով ընդունեց Զատուլինի եւ Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը․ Զախարովա

Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նման հայտարարությունները  տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական ​​խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ Երեւանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները եւ այլն»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ եւ՛ Զատուլինը, եւ՛ Սիմոնյանը կողմ են հայ-ռուսական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդմանը։

Spread the love