Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից  նվազագույն աշխատավարձի չափը  68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000  դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստների, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:Այս նախագծին եւս հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:Նոյեմբերի 4-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանացած նախագծերը կընդգրկվեն ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: 

Spread the love