«Այսօր առավել քան երբևե մեր հայրենիքն ունի սփյուռքի և միասնության կարիքը»,- այդ մասին ասաց, վերջերս կայացած համաշխարհային համահայկական գագաթնաժողովին ,ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ:
Գագաթնաժողովին ներկա էր նաև հայրենիքին տարիներ շարունակ բարեգործական աջակցություն և բազմաթիվ սոցիալական ծառայություններ մատուցած Հայ-Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիր` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
ՀԿ հիմնադիր և փոխնախագահ տիկին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ գագաթնաժողովի հրավերը հերթական անգամ դրական էր ընդունել և սիրով եկել էր Երևան, միջոցառմանը մասնակցելու համար:Այս և «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի ստեղծման շարժառիթների և նրա նպատակների շուրջ զրուցեցինք վերջինիս հետ:
-Տիկին Կարապետյան ներկայացրեք խնդրեմ Ձեր այցի նպատակներն ու կազմակերպության նշանակությունը հայրենիքին աջակցելու մասով:
-Ինչպես արդեն գիտեք ես Հայ –Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիրն եմ և փոխնախագահը՝ Երևանում հերթական անգամ մասնակցեցի համահայկական գագաթնաժողովին, որը կարծում եմ շատ լավ էր կազմակերպված:Միջոցառման ընթացքում քննարկվեցին հետաքրքիր թեմաներ մասնակիցների կողմից և կարող եմ փաստել, որ սփյուռքի գրասենյակը այդ գործում ևս կատարել էր լայնածավալ և գնահատելի աշխատանքներ սփյուռքի կառույցները ներկայացնողների և Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների միջև հանդիպումները կազմակերպելու գործում , որը ևս լավ հնարավորություն էր նոր ձեռքբերումների համար:
Իսկ անդրադառնալով մեր կազմակերպությանը պետք է հիշեցնեմ, որ նրա գործունեությունն ամբողջովին բարեգործական է և միաժամանակ կանոնադրության մեջ ունենք մի կարևոր նպատակ (կետ) ևս, որն ուղղված է մեր հայկական մշակույթի ներկայացմանը և ծանոթացմանը Թագավորական Դանիայում և փոխադարձը՝ դանիականը Հայաստանում։ Այս աշխատանքների կազմակերպման գաղափարը միտված է երկու երկրների միջև ամրապնդել առկա բարեկամական կապերը՝ նաև մշակույթներին ծանոթանալու միջոցով, որպեսզի երկու պետություններում մարդիկ կարողանան ծանոթանան և պատկերացում կազմեն Դանիայի թագավորական երկրի և դանիացիներն էլ Հայաստանի, որպես ինքնիշխան և քրիստոնեությունը պետականորեն ընդունած կրոն՝ առաջին ժողովրդի մշակույթ , հետևաբար այս ամենը կարող է խթանել նաև տնտեսական փոխշահավետ համագործակցությանը։ Զարգացնելով տուրիզմը, որը ներառում է տնտեսական նոր ռեսուրսների խթանում , ինչպես նաև նոր ծանոթությունների և ընկերությունների ձեռքբերումներ:
-Այս տարիների ընդացքում ի՞նչ օժանդակություն եք ցուցաբերել հայրենիքին Ձեր կազմակերպության միջոցով:
-Անկեղծ ասած արդեն երկար տարիներ է, որ մենք իրականացնում ենք բարեգործական տարբեր ծրագրեր, ըստ կարիքավորների դիմումների մեր կազմակերպությունը տարբեր օժանդակություններ է տրամադրում։ 2005 թվականին հիմնադրվեց «ԴԱՆԱՐՄԵՆ» կազմակերպությունը և մենք 2006- ից մինչ օրս ուղարկում էինք բարեգործական բեռնարկղեր (container), որն իր չափերով 40 ֆութանոց էր: Մինչ այսօր արդեն 17 մեծ բեռնարկղեր ենք ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններ և սահմանամերձ գյուղեր, որը հատուկ նպատակով ուղղված էր դպրոցներին, հիվանդանոցներին, մանկապարտեզներին, ծերանոցներին ընդհուպ քաղաքապետարան, այդ թվում՝ Նոյեմբերյան:Մեր ծրագրերը բազմաթիվ են, մասնավորապես սույն թվականի հուլիսին ուղարկված բեռնարկղի օգնությունն ամբողջովին տրամադրել ենք «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ին, ուր իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել «ԴԱՆԱՐՄԵՆ»-ի նախագահ՝ Օլե Մելգաարդը , Անահիտ Մուղնեցյանը և Սորեն Կլեմը։Բացի վերոհիշյալ ոլորտներին օժանդակելը մենք տարիներ շարունակ օգնություն ենք տրամադրել «Հանս Քրիստիան Կոֆոեդ»,- բարեգործական հիմնադրամին, որը հիմնադրվել է դանիացիների աջակցությամբ 2001 թվականին: Ինչպես գիտեք նա Դանիական մեթոդներով արդեն գործում է 21 տարի: Մենք նպատակասլաց եռակողմ ծրագրեր էինք նախատեսել և ցանկանում էինք նույն մեթոդով աշխատացնել այն:Ինչպես արդեն հայտնի է հիմնադրամն աշխատեց մինչև այս տարի։ Սակայն կառավարության որոշմամբ այն լուծարվեց և մեր շահառուներին ( անօթևաններին) տեղափոխեցին այլ վայր, որի հետևանքով մենք չկարողացանք իրականացնել արդեն մշակված երեք ծրագրերը։
-Տիկին Կարապետյան արդյո՞ք Ձեր կազմակերպությունը հայրենիքից կրկին ստացավ դիմումներ օժանդակություն ստանալու խնդրով:
Մենք անցած տարիների ընթացքում սովորաբար ստացել ենք (առողջապահական, գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտներից), օժանդակություն (օգնություն)ստանալու դիմումներ:Եվ ինչպես արդեն ասացի դրանք իրականացրել ենք բոլորիս համատեղ ջանքերով, որը մեզ բոլորիս համախմբում է մի ընդհանուր գաղափարի շուրջ՝ այն Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մոտեցումն է:
Այս անգամ էլ բացառություն չէր ՝ մեզ հետաքրքրում է թե հայրենիքից մեր կազմակերպությանը, որ բնագավառից է հասցեագրված օջանդակություն ստանալու դիմումը (հիվանդանոց, քոլեջ, դպրոց և այլն )։ Կախված ոլորտներից՝ մենք փորձում ենք ասոցիացիայի ամբողջ աշխատանքային ներուժն ու ռեսուրսները ներդնել նախագծեր և ծրագրեր կազմելու և Դանիայի կառավարությանը և համապատասխան այլ գերատեսչություններին ներկայացնելու գործին:Դիմելով նրանց փորձում ենք արժանանալ այդ ծրագրերի հաստատմանը: Եվ այս եղանակով փորձում ենք մեր հայրենիքին օժանդակություն ցուցաբերել: Գագաթնաժողովի ընթացքում ևս հնչեցին բարեգործական տարբեր ծրագրերին վերաբերվող դիմումներ , մենք կուսումնասիրենք , որից հետո պարզ կլինի մեր կազմակերպության հետագա քայլերի հաջորդականությունը, որը ծառայելու է ի նպաստ մեր հայրենիքին ու ժողովրդին:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի.