Օրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ` օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից:

Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումն ընդմիջվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը` որոշ հարցեր ճշգրտելու համար:

Spread the love