Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:

Արցախի ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը դեկտեմբերի 3-ին Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա «մինի մաքսակետ» կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Վոլկովը տեղեկացրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում, քանի որ մինչ այս պահն իրենք տեխնիկական հսկողության միջոցներ չեն ունեցել։  Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը նշել է, որ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։

Spread the love