Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետեւ կարող են ճշգրտվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Նախատեսվում է, որ առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները եւ նոտարները՝ անձնական եկամուտների մասով:
«Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն ձեռնարկատիրական գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող, այլ կերպ ասած՝ ուղիղ կամ անուղղակի կապվածություն ունեցող անձինք»,- ասել է Արման Պողոսյանը:
Երրորդ՝ վերջին տարում հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաեւ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը: Անչափահաս քաղաքացիները հայտարարագիր չեն ներկայացնելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք կարող են վստահ լինել, որ հայտարարագրի լրացման հարցը մեկ տարով չի հետաձգվի, քանի որ հարցեր կարող են լինել՝ կապված ենթակառուցվածքների, ինչպես նաեւ քաղաքացիների հնարավորությունների հետ: Պատգամավորը հարցրել է՝ ի՞նչ է առաջարկվելու այն քաղաքացիներին, որոնք չունեն սմարթ հեռախոս կամ վեբ հասանելիություն:
Արման Պողոսյանի խոսքով այս բարեփոխմանը Կառավարությունը մոտեցել է շատ մեծ պատասխանատվությամբ եւ համոզմամբ, որ հաջողություն լինելու է, եւ այդ ճանապարհին լինելու են նաեւ տարաբնույթ դժվարություններ: «Ենթակառուցվածքը չափազանց կարեւոր է, եւ հիմնական աշխատանքը կատարվելու է ՊԵԿ-ի կարողությունների զարգացման տրամաբանությամբ, նոր համակարգերի, նոր մոդուլների ներդրման տրամաբանությամբ, այնպես, որ դրանք օգտագործողի համար լինեն առավելագույնս հարմար եւ հասանելի»,-ասել է նա: Արման Պողոսյանը նաեւ հայտնել է, որ այն քաղաքացիներին, որոնք դժվարություններ կունենան հայտարարագիր լրացնելու հարցում, կաջակցեն Պետական եկամուտների կոմիտեի սպասարկման կենտրոնների մասնագետները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմամբ լրացուցիչ որեւէ հարկային բեռ, դրույքաչափի բարձրացում կամ լրացուցիչ որեւէ հարկատեսակ նախատեսվում է քաղաքացիների համար:
«Համակարգի ներդրմամբ չի նախատեսվում ներկայումս չհարկվող որեւէ եկամուտ դարձնել հարկվող, ինչպես նաեւ չի նախատեսվում ներկայումս հարկվող որեւէ եկամտի հարկման դրույքաչափ բարձրացնել: Այս նախագծով հարկային բեռի բարձրացում չի նախատեսվում»,-ընդգծել է Արման Պողոսյանը:
Փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ ընդունվելու դեպքում այն վերաբերելու է հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիներին: Այսինքն՝ արդեն 2026 թ. եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու են բոլոր չափահաս քաղաքացիները՝ մոտ 2 մլն մարդ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը պարզաբանել է, որ համակարգի ներդրման վերջնական նպատակը ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումն է, ինչպես նաեւ պետություն-քաղաքացի նոր հարաբերությունների ձեւավորումը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քաղաքացիների ներկայացրած հայտարարագրերին հասանելիություն ունենալու են այլ քաղաքացիները, արդյո՞ք դրանք բաց են լինելու, ինչին ի պատասխան՝ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ ոչ, եկամուտների հայտարարագրին հասանելիություն ունենալու է միայն տվյալ անձը. քաղաքացիները չեն կարող ծանոթանալ որեւէ այլ անձի հայտարարագրին: Զարուհի Բաթոյանը նաեւ հարցրել է, թե ինչ է լինելու, եթե քաղաքացին չլրացնի հայտարարագիրը: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ այդ դեպքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն:
Փաթեթի վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ընդգծելով քննարկվող փաթեթի հանրային հետաքրքրությունը՝ խմբակցության ղեկավարը նկատել է, որ նման կարեւորության հարցը կրկին քննարկվում է ընդդիմության բացակայությամբ: «Պարզ չէ՝ ընդդիմությունը վերադարձե՞լ է, թե՝ ոչ»,-ասել է նա՝ շեշտելով, որ ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել նաեւ հարցի՝ հանձնաժողովում կայացած քննարկմանը: Չեն մասնակցել նաեւ փորձագետների հետ աշխատանքային քննարկմանը:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին եւ, ավելին, խմբակցությունն իր օրենսդրական բոլոր գործիքներով հետօրենսդրական վերահսկողություն է իրականացնելու, որպեսզի այս ռեֆորմն ի կատար ածվի պատշաճ կերպով»,-ելույթն ամփոփել է խմբակցության ղեկավարը:
Եզրափակիչ ելույթներում Բաբկեն Թունյանը եւ Արման Պողոսյանն անդրադարձել են գործընկերների հնչեցրած որոշ տեսակետներին եւ հարցադրումներին, տվել պարզաբանումներ: