Պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Այսօր Խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՝ Վաղարշակ Հակոբյանը ասել է, որ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով:

Պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում:

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 62,5 տոկոսով»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով արտաքին առեւտրաշրջանառության դրական դինամիկան գրանցվել է նաեւ 2021 թ.` նախորդ տարվա համեմատ աճելով 17,7 տոկոսով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են ինչպես ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի երկրների եւ ԱՄՆ-ի հետ:

«Այս տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 75,4 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ` 82,7 տոկոսով, ԵՄ երկրների հետ` 38,4 տոկոսով, ԱՄՆ-ի հետ` 2,1 անգամ»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ Հայաստանի արտաքին առեւտրի գլխավոր գործընկերն առեւտրաշրջանառության ծավալներով շարունակում է մնալ Ռուսաստանը:

2022 թ. առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն արդեն կազմել է 3,2 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 80,5 տոկոսով:

«Համաձայն ՀՀ մաքսային ծառայության տվյալների եւ մեր կողմից իրականացվող հաշվարկների` 2022 թ. առաջին կիսամյակում արտաքին առեւտրի գծով արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների հանրագումարը կազմել է 1,5 մլրդ դոլար, որից 353 մլն դոլարը կազմել են սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

Սննդամթերքի տրանսպորտային տեղափոխման անխափան ընթացքը կարող է ապահովել նաեւ այն տեղափոխող բեռնատարների համար հատուկ կանաչ գոտիների սահմանմամբ: Վաղարշակ Հակոբյանի խոսքով եւս մեկ արդյունավետ միջոց կարող է լինել ԵԱՏՄ անդամ երկրներում առաջիկայում ներդրվող նավիգացիոն կապարակնիքների կիրառության ընդլայնումը երրորդ երկրների հետ:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ներառված է պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը եւ 2022-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը վերաբերող միջոցառումը: Այն մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը եւ առաջիկայում կներկայացնի Կառավարության քննարկմանը:

2022 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ագրոպարենային արտադրանքի արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 45,4 տոկոսով: 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներմուծվել է շուրջ 1 մլրդ 97 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 46,5 տոկոսով, իսկ արտահանումը կազմել է 982 մլն դոլար: Փոխնախարարի խոսքով 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կնվազի եւ, ըստ Կենտրոնական բանկի, 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: «Հայաստանում ձեւավորվող պարենամթերքի գների վրա որոշակի ազդեցություն են թողնում նաեւ տեղափոխման լոգիստիկ ծախսերի թանկացումները, ինչպես նաեւ այդ պատճառով արտահանող եւ ներմուծող ընկերությունների կրած վնասները»,- ընդգծել է Արման Խոջոյանը:

Նիստում պատգամավորները կարեւորել են համայնքներում առկա դատարկ հողերի մշակումը եւ դրանց ճիշտ օգտագործումը: Այս համատեքստում Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ 2022 թ. Կառավարությունը սկսել է ծրագիր` ուղղված ցորենի ցանքատարածությունների ավելացմանը: «Նախորդ տարի մենք ունեցել ենք 55.000 հա ցորենի ցանքատարածություններ, ծրագրի շնորհիվ այս տարի դրանց թիվը հասել է 67.500 հա»,- տեղեկացրել է զեկուցողը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը խոսել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրների մասին: Զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է Լարսի անցակետի ծանրաբեռնվածությանը, բեռների նկատմամբ վերահսկողության իրականացմանը: «Այս պահի դրությամբ Լարսում կուտակված տրանսպորտային միջոցների թիվը 1200-ից ավելի է»,- ընդգծել է զեկուցողը: Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտային միջոցներն անցակետն անցնում են 5-7 օրվա ընթացքում: Լարսի` ձմռանն անանցանելի դարձող հատվածը շրջանցելու եւ 365-օրյա ռեժիմի անցնելու համար վրացական կողմը Քվեշեթի-Կոբի հատվածում կառուցում է նոր 22 կմ ճանապարհ` 5 կամուրջներով եւ 9 կմ-անոց թունելով:

Անդրադառնալով «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրին` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ այն արդեն վավերացրել է 3 երկիր: Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրման ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը եւ օրինական շրջանառության ապահովմանը: «Ռուս գործընկերների հետ արդեն ունենք պայմանավորվածություն եւ փորձելու ենք այն օր առաջ կիրառել»,- ընդգծել է զեկուցողը: Խոսելով անցակետում նավիգացիոն կապարակնիքների կիրառման առավելությունների մասին` զեկուցողը փաստել է, որ Ռուսաստանն ու Բելառուսն այս հարցում ակտիվ փոխգործակցում են եւ ստանում մեծ օգուտներ:Ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին շուկաների կայունություն ապահովելու նպատակով կազմվել է գյուղատնտեսական ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռ: Սա լավ գործիք է արագ փոխանակելու տեղեկատվություն մատակարարման կարիքների վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Spread the love