
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը հատկացվելու է 335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամն ուղղվելու է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 125 մլրդ 663 միլիոնը՝ ընթացիկ ծախսերին: Նախարարությունն իրականացնելու է 8 խոշոր ծրագիր:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝ 2022 թվականին Երեւան համայնքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է հատկացնել 20 մլրդ 441 մլն դրամի չափով, իսկ պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն՝ 37,5 մլրդ դրամի չափով:
Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ Երեւանի մետրոպոլիտեի աշխատանքների կազմակերպման եւ վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է հատկացնել 6,6 մլրդ դրամ: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար կօգտագործվի 500 մլն դրամ:
«Ի՞նչ ընթացքում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքը»,- հետաքրքրվել են պատգամավորները: Սերգեյ Ներսիսյանը պարզաբանել է՝ հայտարարվել էր երկփուլանի մրցույթ, որի առաջին՝ նախագծային փուլն ավարտված է, որի համար Կառավարությունը նախատեսել էր 1,5 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ: Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ մրցույթի երկրորդ փուլը եւս հաջողությամբ կավարտվի:
Կրթության ծրագրերի մասով հատկացումը կազմում է 17,1 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 821 մլն դրամով:
Երեւանում նախատեսվում է հիմնանորոգել 31 մանկապարտեզ:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: