Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելուց։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
«Իհարկե գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են եւ հնարավոր է լուծումներ գտնվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երեւանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցից հետո, չի ստորագրվել այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր վերջնական տեսքի բերել փաստաթուղթը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվում։
Հարությունյանը հերքել է հայտարարություններն ու պնդումները այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։
«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռեւս 90-ականներին, այժմ շարունակում են զարգանալ… Մեր վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բացառվում է, ուստի դա ճիշտ չէ, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են, եւ այս անկայուն ժամանակահատվածում, պետք է նշել, որ մեր հարաբերությունները խորանում են եւ կխորանան»,- ասել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ «բոլոր տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որոնց անդամակցում է նաեւ Ռուսաստանը»։
«Հետեւաբար, այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, ովքեր չեն հասկանում մեր հարաբերությունները»,- հավելել է նա։