Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին եւ նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:
Վաչե Տերտերյանը նշել է, որ հատկապես քաղաքի որոշակի հատվածներում այդպիսի գործունեության արդյունքում մթնոլորտ ու ճաշակ է ձեւավորվում: Ուստի առաջարկվում է, որ Երեւանում եւ համայնքներում այսուհետեւ այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ եւ վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաեւ անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները եւ այլն:
Փոխնախարարի խոսքով նախաձեռնության նպատակը բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեություն ծավալողների սահմանափակումները չեն, այլ՝ խնդրի կանոնակարգումը: Այդ նպատակով ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:
Պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունումը՝ այն համարելով սպասված: Հնչել են նաեւ որոշ մտահոգություններ: Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը հարցրել է, թե արդյո՞ք այս կարգավորմամբ չի խախտվի այն մարդկանց սահմանադրական իրավունքը, որոնք ստեղծագործում են բացօթյա վայրում: «Դիցուք, նկարիչը ոգեշնչված նստել է Հյուսիսային պողոտայում եւ նկարում է: Վստահ եմ՝ իր հետ չի ունենալու նույնականացման քարտ կամ անձնագիր: Երբ նրան պատասխանատվության ենթարկենք, մենք որքանո՞վ ենք վստահ, որ կարողանալու ենք տվյալ անձին նույնականացնել»,- հարցրել է նա: «Եթե եզակի անգամ նկարիչը նկարում է Հյուսիսային պողոտայում, ըստ երեւույթին, ավագանին կընդունի այնպիսի կանոնակարգում, որ նա դրա տակ չի ընկնի: Բայց եթե նկարիչը վերջին 3 տարում հատկապես այդ նստարանը վերածել է աշխատատեղի, ապա դա ինչ-որ կերպ պետք է կանոնակարգվի»,- արձագանքել է փոխնախարարը՝ հավելելով, որ այդ հանրային նստարանը չի կարող նրա աշխատատեղը լինել: Նա պետք է ունենա նստարանանման որեւէ հարմարանք, տեսքը՝ կոկիկ, շուրջն էլ չպետք է ներկեր թափված լինեն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ողջունելի է համարել նախաձեռնության ընդունումը հատկապես այն մասով, որ ուշ ժամերին իրականացվող գործունեությունն անհարմարություններ է պատճառում բնակչությանը: Ըստ նրա՝ երբ ճաշակի մասին է խոսվում, դա կարող է սուբյեկտիվ ընկալում ունենալ: «Երբ մենք համայնքի ավագանուն լիազորում ենք որոշում կայացնել, թույլ տալ կամ թույլ չտալ այս կամ այն խմբերին, այսպես ասած, մենք ի՞նչ տրամաբանություն ենք դնում սրա տակ: Այսինքն՝ էլի սուբյեկտիվիզմի հիման վրա՞ պետք է այդ որոշումը կայացվի, թե՞ ինչ-որ հստակ սահմանումներ ունենք, քանի որ մի ավագանու համար կրիմինալ ենթամշակույթ պարունակող երգերը Հյուսիսային պողոտայում կարող են ճաշակով լինել, մյուսի համար՝ ոչ»,- հարցրել է պատգամավորը: Վաչե Տերտերյանը պարզաբանել է՝ նշելով. «Շատ անշնորհակալ գործ է գնահատելը: Ավագանու որոշումը սուբյեկտիվ չէ, այն որոշում է, որը ներկայացուցչական է: Այլ բան է, որ մի գործունեության նկատմամբ ավագանին կարող է ունենալ մի պատկերացում, եւ դա, այո՛, սուբյեկտիվ է: Մենք դա շատ ենք քննարկել տարբեր հարթակներում: Սա, մեր կարծիքով, հնարավոր լավ լուծումն է, քանի որ որեւէ այլ բան հիմա հնարավոր չէ անել»:
Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նիստը կայացել է հունվարի 27-ին: