Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին:

Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել նրանց աշխատանքներին:

Արաքսիա Սվաջյանը, կարևորելով ամենամյա համադպրոցական գիտության փառատոնը, ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի կարևոր առաձնահատկություններից և բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանքներն են:

«Տարեցտարի ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցում և ներկայացնում հետազոտական բնույթի, գիտական տարրեր պարունակող նախագծային աշխատանքներ։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից կարևոր նշանակություն ունի։ Տարեցտարի նկատում ենք, որ գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվել ցանկացող երեխաների թիվն աճում է», – ասել է Արաքսիա Սվաջյանը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ սա նաև հետաքրքիր փորձառություն է դպրոցականների կյանքում:

«Ցանկանում ենք խթանել սովորողների՝ գիտությամբ զբաղվելն ու գիտական փոքր հետազոտություններ իրականացնելը: Մասնագիտական հանձնաժողովը նախագծերը գնահատում է ըստ դրանց նորարության, հետաքրքրության, ինքնուրույնության: Մի շարք չափանիշներ կան, ըստ որոնց կատարվում է լավագույնների ընտրությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Ծրագրի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Spread the love