Արագածի լանջին կկառուցվի նոր էկո-գյուղ՝ 300 տներով, ջրամբար, հյուրանոցներ, լեռնադահուկային համալիր, ճոպանուղիներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և այդ ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն տվեց հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին:

«Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից  հյուրատներով: Այնտեղ կկառուցվի նաեւ 3 մլն խմ  տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Նաեւ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն: Կառուցվելու է 25 260 քմ ճանապարհ եւ 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դոլար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարությունը համաձայնություն է տալու տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը: «Մենք գերակա շահի մասին որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ եւ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայնություն ենք տալու»,-ասաց Քերոբյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսեց ծրագրի ռիսկերից, որոնցից կարեւորը ժամկետներն են. «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով  պետք է ավարտված լինի: Այսինքն պետք է կառուցված լինեն այն 300 տները, որոնք էկո-գյուղատնտեսական տնտեսություններ են, ջրամբարը,  ամբողջ լեռնադահուկային համալիրն ու հյուրանոցները: Եթե 7-րդ տարվա ավարտին ծրագիրը չարձանագրվի որպես կայացած, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն տարածքների վարձակալման իրավունքից, կամ պետք է պատրաստ լինի տարեկան վճարել 500 մլն դրամ, որպեսզի շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացված ներդրումները»,-ասաց փոխվարչպետը:

Բացի այդ, Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռ 2018թ–ի նոյեմբերին, 2020–ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր. «Բայց քովիդով, պատերազմով, նաև մրցակցային այլ ծրագրերով պայմանավորված 2021թ-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին»,– ասաց նախարարը։

Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ը։

Նշենք, որ այս տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաեւ «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր, Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն է: Դրա վերաբերյալ կռավարության հետ կնքվել էր հուշագիր դեռեւս 2020-ի սկզբին: Ծրագիրն իրականացվելու էր 3 փուլով, ընդհանուր ներդրումները պետք է կազմեին 350 մլն դոլար:

Սակայն արդեն 2021-ի աշնանը կառավարությունը որոշել էր «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը մերժել և նույն տարածքում հաստատել 300 ֆերմերային տնտեսություններ ու էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։ «Հենց Արագածի լանջին իրար հետ մրցակցող երկու նախագծեր կան, որոնց վերաբերյալ մրցույթ է անցկացվել, որպեսզի պարզեն` այդ նախագծերից որն է ավելի նախընտրելի, և այդ մրցույթի արդյունքները հաղորդվել են արդեն վարչապետի աշխատակազմ»,-դեռեւս 2021-ին հայտարարել էր Քերոբյանը:

Նա նաեւ նշել է. «Ամեն մի նախագիծ ուներ իր լավ ու վատ կողմերը, օրինակ՝ «Ռուցոգ-ինվեստ»-ի դեպքում սոցիալական կոմպոնենտն էր ավելի գերիշխում, իսկ մյուսը, իհարկե, առաջնակարգ համալիր էր։ Բայց նաև հաշվել ենք, թե որ նախագծի հետ կապված որքան ռիսկ կա, բոլորի համադրության արդյունքում ընտրվել է «Ռուցոգ-ինվեստ»-ը։

«Արագեյթ ինվեսթմենթս»-ը նախապես իմացել է, որ Արագածի այդ հատվածի հետ կապված հավակնություններ ունի մեկ այլ ընկերություն ևս, իսկ «Արագեյթ ինվեսթմենթս»-ին առաջարկվել է Հայաստանի այլ վայրում իրականացնել ներդրումային ծրագիր»:

Նշենք, որ Նիկոլայ Սարկիսովն իր ավագ եղբոր՝ Սերգեյ Սարկիսովի հետ հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկի «ՌԵՍՕ-Գարանտյայի» սեփականատերը։ Forbes-ի 2021-ի վարկանիշում Նիկոլայ Սարկիսովն ու Սերգեյ Սարկիսովը 850-ական միլիոն դոլարով զբաղեցրել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 141-րդ և 142-րդ հորիզոնականները։

Սերգեյ Սարկիսովը 2012-2018 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ Նիկոլայ Սարկիսովը 2013-2019թթ․ զբաղեցրել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։

Spread the love