Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը

Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։Տեղեկանում ենք,  որ Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի նաև մյուս տարածաշրջանների ցանքսերի գումարների փոխհատուցման գործընթացը։

Մարզում մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն չհավաստագրված սերմերով է իրականացվել, 2397 հա-ը՝ հավաստագրված սերմերով։

Ըստ աջակցության ծրագրի՝ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան արել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով:

Spread the love