«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում:

«Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը ռուս ստացողների համար երաշխավորելու անհնարինության հարցը»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»:

Նշվում է, որ դիմումը կապված է տեսչության անբավարար արդյունքների հետ, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:

Մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ, հավելում է գերատեսչությունը՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացրած աշխատանքների արդյունքներով:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ մտցնելու հարցը՝ վատ վերահսկողության եւ հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտումների պատճառով: Հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել:

Spread the love