Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Ըստ փոխնախարարի՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ հրամայական է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց եւ բարեվարք կադրերով:
Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ:
Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից:
Նշվել է, որ ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային եւ տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով:
Իսկ կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաեւ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի:
Փոխնախարարի հավաստմամբ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ բարձրացնելով փրկարարական ծառայողների աշխատավարձերը:
«Համակարգում պետք է մնան այնպիսի մարդիկ, որոնք համապատասխանում են օրենսդրությանն ու Փրկարար ծառայության հիմնարար պահանջներին»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Ըստ փոխնախարարի՝ ատեստացիան ֆիլտրող գործիք է:
Նա անդրադարձել է նաեւ հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների փաթեթին եւ նշել, որ դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարեւորելով նախագծերի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: