Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումները:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդիրի կողմից առաջարկներ չեն եղել: Նա հավելել է, որ վերջերս Կառավարության օրենսդրական փոփոխություններով սահմանվել է վարժանքների տեւողությունը՝ 28 օր. «Մենք առնվազն 30 օրացուցային օր նշելով՝ ժամկետները համապատասխանեցնում ենք ՀՀ ՊՆ սահմանած վարժանքների ժամկետներին»:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, որ եթե վարժանքների տեւողությունը երկարաձգվի 30 օրից ավելի, արդյո՞ք հարկ չի լինի օրենքում եւս մեկ փոփոխություն անել՝ կարգավորելու նպատակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ փոփոխության կարիք չի առաջանա. այդ կարգավորումը կատարվելու է փոխադարձ համաձայնությամբ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն. առաջարկվել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Spread the love