Խորհրդարանը քննարկել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած` Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագիրը:

Աննա Վարդապետյանի խոսքով 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի եւ Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Գեղամ Նազարյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11:15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, այն է` նիստը նախագահող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի` Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին եւ ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաեւ իրավական, այդ թվում` «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով` համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին` հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին` պատճառելով առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով` ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով:

Երեւան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Այնուհետեւ Աննա Վարդապետյանը ներկայացրել է տուժող Վլադիմիր Վարդանյանի, վկաներ Վիգեն Խաչատրյանի, Ալխաս Ղազարյանի, Արփինե Դավոյանի եւ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքները: Նա նշել է, որ բոլորն էլ փաստել են, թե փակ քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ներկաներից որեւէ մեկին նկատողություն չի արել, չի հնչել վիրավորական արտահայտություն:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի ցուցմունքներին, առերես հարցաքննություններին: Նրանք իրենց ցուցմունքներում փաստել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձեւով քայլել է դեպի Մհեր Սահակյանը: Սակայն միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը եւ վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել:

Նշվել է, որ տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն եւ դատաբժշկական փորձաքննություն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ` թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաեւ ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով:

«Դատաբժշկական եզրակացության համաձայն Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, եւ ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված եւ դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձեւով:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակելով` միջնորդել է խորհրդարանին տալ համաձայնություն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Դատախազի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավորին, եթե ԱԺ-ն իրեն զրկի պատգամավորական անձեռնմխելիույթունից:

«Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ արածը ոչ մեծ ծանրության հանցագործություն է, նոր քրեական օրենսգրքով նրա նկատմամբ ազատազրկման պատժատեսակ կիրառել կատեգորիկ թույլ չի տրվում, կիրառելի է հանրային աշխատանքն ու տուգանքը»,- պատասխանել է գլխավոր դատախազը:

Ըստ զեկուցողի՝ երրորդ կողմը՝ Եղիշե Կիրակոսյանը, եւս ցուցմունքում նշել է, որ նիստի ընթացքում իր ուշադրությունը սեւեռվել է Մհեր Սահակյանի վարքագծի վրա. ընդդիմադիր պատգամավորն ագրեսիվ ու անսպասելի պահվածք է ունեցել:

«Դեպքի զննությամբ պարզ է դարձել, որ Մհեր Սահակյանն է քայլ արել դեպի Վլադիմիր Վարդանյանն ու հարվածել նրան: Վլադիմիր Վարդանյանի աթոռի վրա դեռ արյան հետքեր կան»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Պատգամավոր Արփինե Դավոյանն էլ հետաքրքրվել է, թե ինչու է Մհեր Սահակյանը հրաժարվել դատաքիմիական փորձաքննություն հանձնել:

«Դատաքիմիական փորձաքննության նմուշ չտալն անձի իրավունքն է, որեւէ դատավարական գործիքակազմ չկա նրան հարկադրելու: Պատճառը հայտնի չէ, որպես փաստ ընդունել ենք եւ արձանագրել»,- նշել է գլխավոր դատախազը:

Խնդրի վերաբերյալ հարցեր են ուղղել դատախազին նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Իր ելույթում պատգամավոր Մհեր Սահակյանը կարծիք է հայտնել, որ կուսակցական խմբային շահերից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անսկզբունք, անընդունելի արարքներ: Խոսելով միջնորդագրի վերաբերյալ՝ պատգամավորը նշել է, որ համաձայն չէ իր արարքներում խուլիգանության հանցակազմի մասով մեղադրանքին: «Հավաստիացնում եմ, որ իմ արարքներում խուլիգանությունը՝ որպես օբյեկտիվ երեւույթ, եւ խուլիգանական դրդումը՝ որպես սուբյեկտիվ երեւույթ, բացակայում են, իսկ հարվածը հասցվել է բացառապես անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը եւ շեշտել՝ եթե պաշտպանությունը սահմանն անցել է, ապա պատրաստ է պատասխան տալ՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում: «Որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, գործըներներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ միջնորդագրին, քանի որ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- ասել է Մհեր Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերջին նիստում նշել է, որ ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից սադրիչ գործողությունների հետեւանքով այժմ Հայաստանի սահմաններում հանգիստ չէ: ԱԺ փոխնախագահը ՀՀ զինված ուժերին եւ զինվորներին զորակցության խոսքեր է հղել՝ ուժ եւ կորով մաղթելով նրանց մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում: Նիստը վարողն առաջարկել է օրակարգային հարցերին անդրադառնալ վաղվա նիստում:

Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին:

Spread the love