Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զիծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում հինգ տոկոսից մինչեւ երեսուն տոկոս՝ ներառյալ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով, ինչպես նաեւ հստակեցվում են նշված տույժը կիրառելու իրավասության սահմանները: Ամբողջությամբ վերաշարադրվում է Կանոնագրքի հատուկ մասը. սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի տեսակները: Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են եւս երկու հոդվածով` «զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը» եւ «գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»:

Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաեւ ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: Սահմանվում են զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող միջոցառման մասնակցելու, անհատական կամ կոլեկտիվ ձեւաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքներ: Սահմանվելու է նաեւ համացանցով եւ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության, տեղակայման, իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթի հրապարակումների: Նախատեսվում է առանց իրավասու վերադաս հրամանատարին՝ պետին, գրավոր տեղեկացնելու ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը:

Առաջարկվող կարգավորումներով տույժի կրման ընթացքում կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվարկվելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետում: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակված նախկին զինծառայողի համար սահմանվում է տուժանքի վճարման պարտավորության դադարեցում, եթե պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում նա դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար եւ այդ ժամկետում նրա հետ կնքվում է նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության անցնելու՝ նախկին դադարեցված պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաեւ վճարված տուժանքի չափը եւ նախկինում ծառայած ժամկետը: Սահմանվում է, որ պայմանագրային զինծառայողին մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս նրա համար ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունները վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագրով վճարելու պարտավորություն:

Վարչական պատասխանատվություն է սահմանվելու զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստի ապօրինի կրման համար: Պատգամավոր Միքայել Թումասյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հստակեցրել է, որ կարգավորումը վերաբերում է տվյալ պահին Կառավարության կողմից սահմանած համազգեստի կրմանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած երկու առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում ներկայացրել է իրենց առաջարկները: Դրանցից մեկով իրենց բնակավայրից որոշակի հեռավորության վրա ծառայող զինծառայողներին կտրամադրվի որոշակի փոխհատուցում՝ անկախ այն հանգամանքից՝ վարձակալությամբ են ապրում, թե՛ բարեկամի տանը: Երկրորդ առաջարկը եղել է տեխնիկական: Պատգամավորը կարեւորել է օրենսդրական այն փոփոխությունը, որով հնարավորություն է տրվում զինծառայությունից կենսաթոշակի անցած պահեստային զինծառայողներին վերադառնալ եւ պայմանագրային զինծառայություն իրականացնել:

Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Մանուկյանը, Մարիամ Պողոսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արթուր Խաչատրյանը: Անդրադարձ է եղել ՀՀ սահմանային իրավիճակը կարգավորելու նպատակով իրականացվող բանակցություններին ու քայլերին, ծառայողական քննության վերանայմանը, զինվորական համազգեստի ապօրինի կրման ու սմարթֆոնների օգտագործման արգելքին վերաբերող դրույթներին: Այս համատեքստում բարձրացվել է անհրաժեշտ տարածքում խլացուցիչ սարքերի տեղադրման հարցը: Կարեւորվել է զինվորական համազգեստի վաճառքի արգելումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախատեսվում է համազգեստի փոփոխման գործընթաց, վերանայվում է ամբողջ շղթան: Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը կարգապահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումն է:

Spread the love