Ադրբեջանում գերևարված հայ ռազմագերիների հարազատները երեկ ՝ փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ծնողներն անհամբեր են եւ սպասում են հենց վարչապետի խոսքին:
Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, բայց սա այն դեպքն է, որ Ադրբեջանն ակնհայտ չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր հարթակներում պետք է շարունակենք ջանքերն ու օգտագործենք միջազգային գործիքակազմերը՝ խնդիրը րոպե առաջ լուծելու համար:
Ավելի ուշ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվել է Տեղ գյուղի մոտակայքում երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցած զինված բախումով՝ սկսած դեռեւս մարտի 29-ից, երբ ադրբեջանական զորքերի շարժ է նկատվել: «Ի՞նչ գնահատական կտայիք մեր ուժային մարմինների գործունեությանը»,- հարցրել է պատգամավորը:
Վարչապետը հայտնել է, որ կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն, սակայն երեկ տեղի ունեցածը կանխատեսելի է եղել, ինչի կապակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, տրվել են հանձնարարականներ, առաջադրվել խնդիրներ: «Իմ գնահատմամբ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար: Առնվազն ինձ համար միանշանակ է, որ պետք է քննել, հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Այն, որ Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ տրված հանձնարարությունների կատարումը ձախողվել է, ինչը պետք է քննել եւ հասկանալ, թե ինչու են դեպքերն այդպես դասավորվել: