Մատուցվող փոստային ծառայությունները նախատեսվում է համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները: Մասնավորապես, սահմանվել է 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին: Խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները: Համապատասխան իրավական հիմքեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

Առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով: Գործող 90-օրյա ժամկետը փոխարինվում է 80 աշխատանքային օրով:

Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ի՞նչ արդյունք է ակնկալվում այս փոփոխություններից հետո, քանի որ դժգոհությունները ոլորտից շատ են հարցին պատասխանելով՝ Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում մատուցվող փոստային  ծառայությունները պետք է համապատասխանեցվեն միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Մշակվում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հայեցակարգը եւ Հայփոստի զարգացման նոր ռազմավարությունը: Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է փոստային ծառայությունների թվայնացում, կատարելագործում, փոստային բաժանմունքների ցանցի օպտիմալացում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվել է, թե արդյոք նախատեսվում է փոստային ծառայությունների սակագների վերանայում: Դավիթ Սահակյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում նախատեսվում է սակագների վերանայում: «Չենք կարծում, որ այդ սակագները կգնան դեպի ավելացում: Օպտիմալացումը կտանի դեպի նվազեցում»,- ասել է փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Spread the love