Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ եւ ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին: ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների եւ նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ եւ ԵԱՏՄ կազմակերպությունների կողմից: Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները:
ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) կողմից ստեղծվող խորհրդատվական տեխնիկական կոմիտեները գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրման համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների պահանջների մշակման եւ վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվող հանձնաժողովներն ապահովելու են համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար գիտաժողովների, վերապատրաստման եւ որակավորման դասընթացների կազմակերպումը, հավատարմագրման փորձագետների ու գնահատողների որակավորման եւ համապատասխան վկայագրերի շնորհման գործունեությունը: Կոմիտեների եւ հանձնաժողովների կազմն ու գործունեության կարգը հաստատվելու է Հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարի հրամանով:
Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման եւ վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի: Սահմանվել են նաեւ հավատարմագրման կասեցման ու դադարեցման հիմքերը:
Կառավարությանը վերապահվել է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի կողմից կայացրած որոշումների ընդունման կարգը հաստատելու իրավասություն:
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանում գործում են շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմիններ:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուստամ Բաքոյանը եւ Գառնիկ Դանիելյանն իրենց ելույթներում խոսել են սննդամթերքի շուկայում գների աճի, սոցիալական մեդիայի ոլորտում հարկման համակարգի, կաթնարդյունաբերության բնագավառի, պարարտանյութ ներկրողների խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերին ու դրանց պատճառների ուսումնասիրությանը:
Կարծիք է հնչել, որ օրենսդրական առաջարկի ընդունման դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն խոշոր արտադրողների եւ սկսնակ կազմակերպությունների միջեւ: Լաբորատորիաները պետք է ձեւավորվեն տնտեսվարողների միջոցներով, մինչդեռ սկսնակ տնտեսվարողները չունեն թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն: Կարեւորվել է պատասխանատուների կողմից որակի ենթակառուցվածքների ոլորտում զարգացումների ներկայացումը:
Եզրափակիչ ելույթում նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին: