Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՍԴ մասին Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է նախատեսել ՍԴ ու Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոնները, այդ թվում՝ դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանք ներկայացվող պահանջները, փոխգործակցությունն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:
«Չնայած ՀՀ-ն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից՝ միջազգային պայմանագրով սահմանված, այնուամենայնիվ, կիրառման հստակ ընթացակարգերը բացակայում են, դա անորոշություն կարող է ստեղծել, ճիշտ գործընթացի կազմակերպման տեսանկյունից կարող են խոչընդոտներ առաջանալ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նշված օրենսգրքերում՝ կարգավորումներ նախատեսելու առումով»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչ ժամկետում ՍԴ-ն պետք է քննարկի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությունը, ինչին ի պատասխան՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ հստակ ժամկետներ սահմանված չեն:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է, որ 2018 թվականից ի վեր ՀՀ-ն քանիցս դիմել է ՄԻԵԴ եւ երկու դեպքով ստացել խորհրդատվական կարծիք: Պատգամավորը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: