
Կիրակի օրը համայնքների խոշորացման ծրագրով կայանալու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ և գաղտնիք չէ , որ Արմավիրի տարածաշրջանում ձևավորվել է ԽՈՅ համայնքը , որտեղ ևս համայնքի ղեկավարի ընտրություններ են: Հիշեցնենք, որ այստեղ միավորվելու է Արմավիրի մարզի 17 համայնք։ Ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական թիմեր «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը՝ մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, «Զարթոնք» ազգային կուսակցությունը և «Ազատական» կուսակցությունը:
Այս առիթով «progressarmenia.com »-ը զրուցել է Արգիշտի Մեխակյանի հետ:
– Պարոն Մեխակյան, դեռևս մարդիկ ցանկանում են իմանալ ԽՈՅ համայնքի ձևավորման նախահենքը: Կխնդրեմ ներկայացրեք այն:
-Ա՛յո ինչպես նկատեցիք Արմավիրի մարզում մինչ այս չի եղել Խոյ համայնքը: Խոշորացման ծրագրի ներդնումը մեզ հնարավորություն տվեց նաև վերականգնել մեր պատմական հայրենիքի տեղանվան վերադրումը: Քանի-որ խոշորացված գյուղերի մի մասում այսօր ապրում են պատմական Խոյ գավառից հայրենադարձած մեր հայրենակիցների սերունդները : Ուստի որոշվեց անվանումը հիշատակել մեր պատմական հայրենիքի տեղանվան հետ:Այստեղ խոշորացվող գյուղական համայնքներում համայնքային նշանակության խնդիրներ շատ կան, մասնավորապես ոռոգման ջրի հասանելիությունը և նրա բաշխումը, քանի-որ ջրատար համակարգերի վիճակը քայքայված պայմաններում են , դրանից բխելով կորուստները մեծ:
-Պարոն Մեխակյան ո՞րքանով եք տեղյակ տվյալ գյուղական համայնքերի ենթակառուցվածքներին և ի՞նչ խնդիրներ կան այնտեղ:
– Իհարկե,տեղյակ եմ դեռևս պատգամավոր եղած ժամանակ այցելել ենք մի շարք համայքներ, ինչպես նաև որպես գործող մարզպետի տեղակալ՝ ամենօրյա ռեժիմով առնչվել եմ տվյալ համայնքների հետ: Իսկ եթե չեմ եղել տվյալ համայնքում, ապա մշտապես տվյալ համայնքի բնակիչների հետ ունեցել եմ հանդիպումներ, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Ի դեպ, սա շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ շփվելու մեր բնակիչների հետ, տեղեկանալու նրանց բարձրաձայնած խնդիրների մասին, դրանք վերջնական ամփոփելու, որպեսզի հետագայում՝ ընտրվելուց հետո, մեր հնգամյա զարգացման ծրագրի մեջ ներառենք այդ խնդիրների ու հարցերի լուծումները։
– Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք այս համայնքներում :
– Գիտեք խնդիրները միշտ էլ շատ են լինում ապրող համայնքերում, ուստի խնդիրները բազմաթիվ են տարբեր համայնքերում, որոնք կթվարկեմ՝ ելնելով դրանց ոլորտային բնույթից՝
Ինչպես արդեն նշեցի առաջնային լուծում պահանջող կամ կենսական նշանակություն ունեցող խնդիրներից են ՝ ոռոգման ջրի անբավարարությունը և բաշխումը: Իհարկե, համայնքի լիազորության ներքո չէ ոռոգման ջրի շահագործման լիազորությունները, բայց հնարավորություններ ունենք ներդրումներ անելու ջրային ենթակառուցվածքների վրա՝ դրանց արդիականացման հետ կապված: Ինչպես նաև որոշ համայնքներում առկա են մասնակի խմելու ջրի, ասֆալտապատման, գազաֆիկացման խնդիրներ: Ունենք մեկ համայնք, որ ընդհանրապես գազաֆիկացված չէ, իսկ մի շարք համայնքներ ունեն մասնակի գազաֆիկացման խնդիրներ: Կարող ենք արձանագրել նաև դպրոցների, կրթության ոլորտների հետ կապված խնդիրները թեպետ՝ դա չի գտնվում համայնքի ենթակայության ներքո, բայց կան դպրոցների շենքեր, որոնք վթարային են, որոշ դպրոցներ չունեն մարզադահլիճ, և փաստացի երեխաները զրկված են առողջ ապրելակերպից, իսկ ձմռան ամիսներին ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելու հնարավորություն ընդհանրապես չունեն:Խնդիրները մենք պատրաստ ենք միասին լուծել՝ պետական, մասնավոր բարերարների ինչպես նաև մեր համայնքի միասնական ուժերի կենտրոնացման ջանքերով:Մենք լուրջ խնդիր ունենք նաև նախադպրոցական կրթության հնարավորությունների անբավարարության հետ կապված: 17 համայնքներից ընդամենը երեքում է գործում մանկապարտեզ, և շատ քիչ թվով երեխաներ հնարավորություն ունեն ստանալու նախադպրոցական կրթություն: Մնացած համայնքները, ըստ էության, զրկված են այդ հնարավորությունից:Ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է առաջիկա հինգ տարվա անելիքներում անհապաղ վերանորոգել, վերականգնել գործող մանկապարտեզները առնվազն մի քանի համայնքներում, որպեսզի ոչ միայն տվյալ, այլև հարակից համայնքի երեխաները հնարավորություն ունենան ստանալու նախադպրոցական կրթություն: Ունենք մանկապարտեզ, որն արդեն վեց տարի է՝ վերանորոգված է, գտնվում է պատրաստ վիճակում, բայց քանի որ գյուղը փոքր է և չունի բավարար բյուջե, չի հանձնվում շահագործման: Այս պահին 60 երեխայի հետ կապված, կարելի է ասել, մենք խնդիր չունենք, այդ հարցը շատ արագ կլուծվի, բյուջետային հատկացումներ կլինեն, և որոշակի վերջնական աշխատանքներ իրականացնելուց հետո 60 երեխայի համար կապահովենք նախադպրոցական կրթությունը:Մեր աշխատանքները շարունակվելու են զուգահեռ բոլոր ոլորտներում, այդ թվում և մշակութային, որտեղ նույնպես ունենք խնդիրներ և անելիքներ: Մշակույթի տները հիմնականում անբարեկարգ են: Որոշ համայնքներում խմբակներ գործում են: Պետք է լավ փորձը հաշվի առնել ու պահպանել, ուստի մեր ծրագրերում նախատեսում ենք մյուս համայնքներում ևս վերանորոգել մշակույթի տները և մշակութային տարբեր խմբակներ գործելու պայմաններ ստեղծենք, որպեսզի բոլոր համայնքներում մեր երեխաները հնարավորություն ունենան ինտեգրվելու նաև մշակութային կյանքին, ապագան կերտելով զարգացման հենքի վրա:
– Պարոն Մեխակյան, գյուղատնտեսությունը զարգացնելու, գյուղմթերքների իրացման խնդրի լուծումների ինչպիսի՞ տեսլական ունեք։
– Ինչպես գիտեք մեր 17 համայնքն էլ գյուղաբնակ են, և ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Գյուղմթերքների արտադրումը և իրացումը խնդիր է դարձել մեր գյուղացիների համար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք նրանց խնդիրներին լուծում գտնելու նպատակով:Պետք է բանակցել, խոսել բոլոր այն ընկերությունների կամ անհատների հետ, ովքեր կհետաքրքրվեն այդ ոլորտով, և ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի գործունեություն ծավալեն մեր համայնքներում, որը հնարավորություն կտա մեր գյուղացիներին՝ ունենալու կանխատեսելի եկամուտ: Ինչպես գիտեք մարզում կան մի շարք գործող վերամշակող ընկերություններ, որոնց համար համայնքը, այսպես ասած, պետք է միջնորդ հանդիսանա, այսինքն՝ ստանձնի միջնորդի դեր գյուղացու և վերամշակողի կամ արտահանողի միջև, որպեսզի այդ կապը անխափան լինի, մեկը մյուսի ռեսուրսները կարողանան ճիշտ գնահատել: Իհարկե, իդեալական կլինի, որ մեր բոլոր գյուղացիական տնտեսությունները կարողանան նախնական պայմանագրեր ունենալ ցանկացած գյուղատնտեսական ապրանքի մշակման վերաբերյալ, որպեսզի ունենան կանխատեսելի եկամուտ: Դա, բնականաբար, բավականին բարդ գործընթաց է, բայց ջանքերը չենք խնայելու՝ ստեղծելու այդ հնարավորությունը:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր հնարավորությունները հաշվի առնելով իշխանություն թեկնածուի փաստը:
– Առաջին հերթին ՏԻՄ ընտրություններում գնահատվում է նախ՝ մարդու վարկանիշը, իսկ իշխանական կուսակցության փաստը էլ ավելի է պարտավորեցնում և պատասխանատու դրաձնում յուրաքանչյուր բառն ու ընտրախոստումը, ուստի կարծում եմ մեր շանսերը բավականին բարձր է: Ի սկզբանե այդ գիտակցությամբ ենք մտել այս գործընթացի մեջ, մեր համայնքների զարգացման միտված գործընթացների առաջխաղացման և ապագան կերտելու նպատակով:
– Ի՞նչ կցանկանաք հղել ընտրողին։
– Քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել և մասնակցել ընտրություններին: Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ձևավորումը դա այն իշխանությունն է, որն ամենօրյա ռեժիմով առնչվում է մեր ազգաբնակչության ու խնդիրներին:Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ հնարավորինս արագ լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են մեր համայնքների առջև ունենալ բարեկեցիկ ու զարգացող համայնքներ: Մեր վերջնական նպատակն այն է, որ Խոյ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր ոչ թե դիտվի զուտ գյուղատնտեսական կամ այդ միջավայրում ապրող համայնք, այլ իր հնարավորություններն ավելի մեծացնի՝ լինի տուրիզմի համար գրավիչ միջավայր ապահովող կենտրոն:Հաջողություն եմ մաղթում մեր սիրելի ազգաբնակչությանը և մեր ընտրողներին:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի
Եղանակ6%