Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է եւ պահանջում է ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։
«Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հիմնավորված բողոքներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները անընդհատ կհանդիմանեն միմյանց։ Պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ»,- ասել է Լուկաշենկոն։
«Կան խնդիրներ, կան հարցեր, դրանք պետք է լուծել, որքան էլ բարդ լինեն դրանք։ Իսկ մենք երբեմն դրանց բարդության պատճառով չենք ցանկանում դրանք լուծել», -ասել է նա։ Լուկաշենկոն ընդգծել է, որ եթե այդ խնդիրների լուծմանը ներքաշվեն Արեւմուտքից մեր «բարեկամ-խորհրդականները», ապա շատ ավելի դժվար կլինի որեւէ բան անելը։