Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է հերթական մարզխորհրդի նիստի և նրանում քննարկված խնդիրներն ու աշխատանքները , մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ այդ ֆոնին ներկայացրել է առաջիկա անելիքներն ու դրանց մանրամասները: «Անց եմ կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստը աշխատակազմիս ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել աշխատակազմիս ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը:
Համայնքների կողմից գեներացվող սեփական եկամուտների հավաքագրման պլանավորումը առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով համայնքների ղեկավարներին առաջարկել եմ, համագործակցելով մեր մասնագետների հետ, կատարել համայնքների նախորդ տարիների բյուջեների վերլուծություն և առաջիկայում կազմակերպել բյուջեի իրատեսական պլանավորում և կազմում, ինտենսիվ աշխատանքներ տանել նաև բնակիչների հետ՝ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Օրակարգի շրջանակում քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:
2023 թվականին Կոտայքի մարզից ունենք հաստատված սուբվենցիոն 39 ծրագիր` ընդհանուր 11.5 մլրդ դրամ բյուջեով: 39 ծրագրերից 17-ը սկսել են շինարարական աշխատանքները, իսկ մնացածը գտնվում են պայմանագրերի կնքման փուլերում:
2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նապատակով Կոտայքի մարզի 11 համայնքների կողմից ներկայացվել է 53 ծրագրերի հայտ`ընդհանուր 11.5 մլրդ. դրամ արժեքով:
Սուբվենցիոն ծրագրերի մասով մեր համայնքների ղեկավարներին հորդորել եմ խիստ ուշադրություն դարձնել հատկապես պայմանով հավանության արժանացած ծրագրերին և մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը լրամշակել սուբվենցիայի փաթեթները ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա, հակառակ դեպքում ներկայացված դիտողությունները հաշվի չառնելու դեպքում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի կատարվի:
Եվս մեկ անգամ ընդգծել եմ իրականացվող աշխատանքների որակի բարձրացման և դրանց ժամկետներում կատարման ապահովման անհրաժեշտությունը:
Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում կիրականացվի 102 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ` շուրջ 13,5 մլրդ դրամ բյուջեով: Թվով 12 ճանապարհների մրցույթներն արդեն իրականացվել են, իսկ 6-ում արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքներ:
Այս մասին առաջիկայում ընդգրկուն հրապարակում կլինի:
Նիստի օրակարգում անդրադարձ է կատարվել նաև ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման ընթացքին, ինչպես նաև ամենօրյա անմիջական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության գործընթացին:
Մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացին և մարզի տարեկան հողային հաշվեկշռին:
Մեր մարզում վերապատրաստման գործընթացն իրականացվում է բարձր մակարդակով և համայնքային ծառայողների մասնակցության ակտիվությունը շատ բարձր է, արդյունքը՝ գոհացուցիչ», -իր խոսքում ներկայացրել է ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Պատրաստեց ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ