«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին:
Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։
Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է վիրավորում ստացած տղաների համար արժանապատիվ կյանք ապահովող նախագծին աջակցող կազմակերպությունների շարքը: Վերջինս, կարևորելով «Զինվորի տան» այս նախաձեռնությունը, միևնույն ժամանակ շեշտել է, որ ցանկացած ներդրում անհամեմատելի է անձնուրաց կերպով հայրենիքի պաշտպանության գործը հանձն առնելու տղաների պատրաստակամության հետ:
«Շատ կարևոր է, որ պատասխանատու պաշտոններ գրավող մարդիկ անձամբ այցելեն «Զինվորի տուն», որովհետև այլ բան է ծրագրի մասին լսելը, մեկ այլ բան՝ վիրավոր զինվորներին աջակցելու անհրաժեշտությունը տեղում գնահատելը»,- իր տպավորություններն այսպես մեկնաբանեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:
Ընդունելության վերջում պատերազմում ծանր վիրավորում ստացած Նարեկ Վարդանյանը խաղաղության մաղթանքով Գ. Թառումյանին նվիրեց «Սովորական հայրենիք» վերնագրով իր հեղինակած գիրքը. տղաները համարում են, որ իրենց արածն արտառոց բան չէր, իրենք սովորական զինվորներ էին, հայրենիքն էլ՝ սովորական հայրենիք, որը պետք էր պաշտպանել…
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից