«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով տուժող ճանաչված զոհվածների ծնողները նոր հանգամանքներ են բացահայտել իրենց զավակների մահվան դեպքի մասին:

NEWS.am-ին զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, պատմեց, որ իր թոռան հեռախոսով օրվա հերթապահ Ռադիկը եւ վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը հեռախոսազրույց են ունեցել դեպքից 20 րոպե անց:

Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը.

«-Ախպեր, սաղ տղերքը, պառաժ ենք, հիմա 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել:

-(Գոռ) Ո՞վ ա պատասխանատուն

-Եղոն

-(Գոռ) Ըտեղ ա՞

-Ախպեր, սաղ տունը չկա էլ, կազարմեն, բան, սաղ կրակ են»:

Արտյոմ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում վաշտի հրամանատարի հարցի վրա. «Գոռը անտարբեր ձայնով միայն հարցնում է, թե ով է պատասխանատուն, բայց չի հարցնում՝ ո՞նց եղավ, ինչի՞ց եղավ»:

Նա պատմեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել է լսել այդ ձայնագրությունը. «Երբ տեսա, որ Փաշինյանն այս դեպքին շատ անտարբեր է, ասացի՝ կարո՞ղ են թոռանս հեռախոսը ներքեւից բերել, մի հատ այդ ձայնագրությունը միացնենք, լսեք, ասաց՝ ես չեմ լսի, դա տվեք Քննչական կոմիտեին, ես էլ ուղարկեցի»:

Արտյոմ Գրիգորյանն ասաց, որ հրդեհից զոհվածների ծնողները դեպքի վայրում մահճակալները նույնությամբ շարել են եւ վկաները պատմել են, թե զինծառայողներն ինչ դիրքով են եղել:

Հարցին, թե կատարված ուսումնասիրություններն ի՞նչ վարկածների մասին են խոսում, զոհվածի պապն ասաց. «Եղել է ահաբեկչություն, երեխաներին հատուկ տրաքացրել են: Դիրքից 3 կիլմետր էր հեռու այդ շենքը եւ ուղիղ նշանառության տակ է եղել, պարզվել է, որ դեպքից մոտ 3 ամիս առաջ 2 անգամ զգուշացրել են գրությունով, որ սակրավորներին հետ տանեն, սակայն չեն ենթարկվել, սրանք էլ որոշել են տրաքացնել»:

Գրիգորյանը պատմեց, որ փրկարար ծառայության ներկայացուցիչները դեպքից հետո ասել էին, թե տարածքը չի տեսանկարահանվել ու լուսանկարահանվել, սակայն մի քանի օր առաջ մոտ 10 լուսանկար են տրամադրել ծնողներին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Հրդեհի գործով 5 մեղադրյալներից 3-ը կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Spread the love