«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ աշխատաժողով

Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ արտագնա աշխատաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից: Մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը ողջույնի խոսքում նշել է, որ ՄՀԻ-ում հատուկ ուշադրություն են դարձնում միջգերատեսչական համագործակցության եւ հաղորդակցության ոլորտին: Կարեւորելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հետ համագործակցությունը՝ նա հույս է հայտնել, որ քննարկումը օգտակար եւ արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:
ՀՊ անդամ Կարեն Առուստամյանը, ներկայացնելով «SIGMA» ծրագրի հաշվեքննության ոլորտի իրավական դաշտի բարելավմանն ուղղված օրենսդրական փաթեթը, նշել է, որ այն ներառում է առաջարկություններ ՀՀ սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության վերաբերյալ: Բարեփոխումների նպատակը բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնարար՝ Լիմայի եւ Մեխիկոյի հռչակագրերի դրույթների տեղայնացումն է: Նրա խոսքով՝ առաջարկությունների առանցքում պալատի անդամների կարգավիճակի հստակեցումն է, պալատի ֆինանսական եւ գործառութային անկախության մակարդակի բարձրացումը, հաշվեքննությունների եզրակացությունների՝ այդ թվում պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունների բովանդակության հստակեցումը, պետական մարմինների կողմից տնօրինվող տվյալների պալատի համար մատչելիության ապահովումը, ինչպես նաեւ մեթոդաբանական, կառուցվածքային, խմբագրական բնույթի հարցեր:
Մտքերի փոխանակության փուլում մասնակիցները ներկայացրել են  իրենց մոտեցումները առաջարկվող փաթեթի վերաբերյալ, եղել են սկզբունքային կետեր, որոնք լրացուցիչ համաձայնեցման կարիք ունեն:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է, աշխատաժողովի արդյունքները հաշվի առնելով, խնդրահարույց հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց կողմից ընդունելի լուծումեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ ընդունելի կարգավորումներ ամրագրելու համար շարունակել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները:
Spread the love