Վարչապետը ծանոթացել է Արտաշատ համայնքում իրականացվող ծրագրերին

Վարչապետի հերթական այց կատարած  մարզը Արարատն էր , որտեղ նա հանդիպել էր Մասիսի տարածաշրջանի համայնքային և տնտեսական ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին :
Ն. Փաշինյանը  Արարատի մարզ այցի շրջանակում  ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Հանրապետության ամենախոշոր ՝ Արտաշատ համայնքում Նիկոլ Փաշինյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ ծանոթացել է Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են:
Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 616 մլն 854 հազար դրամ: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ համայնքը կունենա հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները:
Կատարվել են աշխատանքների 85%-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 217 մլն դրամ, որից 65%-ը համայնքի բյուջեն է, 35%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ քաղաքը կունենա շուրջ 6.8 կմ ասֆալտապատ ճանապարհ:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզի Մխչյան գյուղի տարածքում գտնվող Արտաշատի ավտոշուկայի պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ծրագրի արդյունքում շուրջ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք:
Վարչապետը շրջել է ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։ Կառավարության ղեկավարը նաև ծանոթացել է վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին։ Պատասխանատուները ներկայացրել են, որ նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։
Spread the love