Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց, որ պատրաստվում է նստացույց անել։ Նա ասաց, որ միանում է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակի նստացույց անողներին։
Հարությունյանն ասաց, որ այս ծայրահեղ քայլին դիմում է, քանի որ վիճակն օրհասական է եւ ոչինչ չի մնում անելու, քանի որ միջազգային հանրությունը միայն բարի խոսքերով է սահմանափակվում եւ գործուն քայլեր չի իրականացնում․ «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային հանրության գործնական ուշադրությունը գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»։
Նա նշեց, որ այս նստացույցով ակնկալում են, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, ԵՄ–ն, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց եւ կկատարեն իրենց պարտավորությունները նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների եւ միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։
«Արդեն 7 ամսից ավել է ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ։ Արցախի քաղաքացիների, մեքենաների, բեռների տեղաշարժի խոչընդոտները վերջին 1 ամսում նաեւ նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիան ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն՝ ճնշելու եւ կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպում հպատակեցնելու նրան եւ ի վերջո հանգեցնելու էթնիկ զտման։ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները»,- ասաց նախագահը։
Արայիկ Հարությունյանը արցախցիների դիրքորոշումներից առանձնացրեց մի քանիսը․
«Առաջին․ Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի եւ ինքնորոշման անօտարել իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է եւ ենթակա չէ սակարկման ու զիջման։
Երկրորդ․ Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջեւ, որի հստակ ապացույցներն են 2020 թվականի պատերազմով եւ ընթացիկ շրջափակման դրսեւորված մարդկության դեմ հանցագործությունները։ Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլեւ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար։
Երրորդ․ Անընդունելի համարելով 2020 թվականի պատերազմը դրա վարման հանցավոր մեթոդներ եւ հետեւանքները միեւնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձեւավորված նոր իրողության հետ, հույս ունենալով, որ գոնե դա տեւական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար։ Այնուամենայնիվ մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից 2 տարի անց արդեն շրջափակում, այնուհետեւ լրիվ պաշարում, ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլեւ եռակողմ հայտարարության ռազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի, Լաչինի միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների եւ այլ առումներով։
Չորրորդ․ Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները եւ կողմերի մտահոգությունները։ Մենք մեզ մշտապես դրսեւորել ենք որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայց եւ ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ուեւ շահերը, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ, միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը»։
Հարությունյանի խոսքով՝ շրջափակման ողջ ընթացքում Արցախի իշխանությունները հույս են ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը, սակայն լսել են միայն բարի խոսքեր, բայց ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների եւ այլ դերակատարնեի կոչերի գործնական կատարում․
«Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միազգային իրավակարգի հոգեվարքը։ Դեկտեմբերից հունիս տեւած շրջափակումից եւ վերջին 1 ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, շուտով դադարում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի եւ այլ կենսական օբյեկտների աշխատանքների խափանումներ, էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով երեխաների, հղիների եւ այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ եւ այլն։ Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետեւանքներով հանդերձ։ Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տեղում ապահովելու համար պատշաճ դիմադրության ադրբեջանական ոտնձգություններին։ Դրանց հիմնական մասը տեսանելի չէ, հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, նաեւ այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին»։