Այսօր ՝ Արտաշատ-Քլամար քույր քաղաքների համագործակցության շրջանակներում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի և Քլամարի երկու հայտնի հիվանդանոցների միջև ակտիվ համագործակցություն կծավալվի երկու կարևոր՝ փորձի փոխանակման և բուժտեխնիկայի տրամադրման ուղղություններով:
Ծրագրի սկիզբը դրվել է դեռևս այս տարվա ապրիլ ամսին՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ: Այնուհետ Քլամար կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը Քլամարի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ծրագիրն ու համագործակցությունը նոր՝ գործնական փուլ բերելու անելիքները:Այդ մասին գրում է բկ պաշտոնական տեղեկատվական էջը:
«Ծրագրի շրջանակներում այսօր մեր կենտրոն այցելեցին ՀՀ-ում Ֆրանսիային դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության գծով կցորդ Մաղի Լողժուն, տեխնիկական և տնտեսական գծով կցորդ Ուիլիամ Բոգիսը, բժիշկ, առողջապահական գծով կազմակերպիչ Լորանս Տերզանը: Ներկա էին նաև SPFA հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Ջանիկ և Մարգրիտ Մանիսյանները, Հաբեթնակ Հակոբյանը:
Այցը ճանաչողական էր և նպատակ ուներ տեղում գնահատել կենտրոնի կարիքները»,-ասված է գրառման մեջ :
Հյուրերին դիմավորեց ու բարի գալուստ մաղթեց կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց հայ-ֆրանսիական վաղեմի բարեկամությունը, որը նոր դրսևորումներով ու ծրագրերով է կյանքի կոչվելու՝ ի շահ տարածաշրջանի ազգաբնակչության առողջության պահպանման: Պարոն Համբարձումյանը իր երախտագիտությունը հայտնեց երկու քաղաքների ղեկավարությանը՝ շնորհակալ նախաձեռնության համար:
Կենտրոնի տնօրենը և համապատասխան աշխատակիցները ներկայացրեցին կենտրոնի աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը և կարիքները:
Հյուրերը շրջեցին բաժանմունքներում և ծանոթացան աշխատանքային պայմաններին, նշեցին հետագա համագործակցության ուղիներն ու կոնկրետ անելիքները:
Երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց այցելությունները դարձնել ավելի հաճախակի, ինչը թույլ կտա փոխօգնության ծրագրերն առավել հասցեական գնահատել և իրականացնել:
Արտաշատի բժշկական կենտրոնից մեր հյուրերը հեռացան խիստ տպավորված և ինչպես իրենք նշեցին՝ ուրախալի է, որ քաղաքային հիվանդանոցում այսչափ սրտացավ ու բարձրորակ բուօգնություն է տրամադրվում: