Արցախում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն․ Միրզոյանը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։ Այս մասին  տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաեւ սննդի եւ դեղորայքի սուր պակասը:

Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:

Spread the love