Մենք կարողացանք Արցախի համար 10 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել. Փարիզի քաղաքապետ

Մենք կարողացանք Արցախի համար մարդասիրական օգնությամբ   10 բեռնատար ուղարկել։ Սա հիմնականում չփչացող սնունդ է, մանկական սնունդ, գեներատորներ, արևային մարտկոցներ՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա դիմակայել ստեղծված իրավիճակին։ Այս մասին օգոստոսի 30-ին Արցախի նախագահի հետ  առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Նրա խոսքով՝ օգնությունը նախատեսված է անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախի 6 քաղաքների համար՝ այն մարդկանց, ովքեր զրկված են իրենց հողում արժանապատիվ ապրելու հնարավորությունից։

«Մենք եկել ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու։ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում կան տարբեր քաղաքական ուժերից մարդիկ, մեզ բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը»,- շեշտեց Իդալգոն։

Նա իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև Արցախի նախագահին և Արցախի արտգործնախարարին։

 

Spread the love