Եթե Արցախի Հանրապետության նախագահը հրաժարական ներկայացնի, ապա 3 օրվա ընթացքում ԱՀ Ազգային ժողովը, ընդունելով այդ հրաժարականը, 7 օրվա ընթացքում կընտրի նոր նախագահ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ ԱՀ Ազգային ժողովն ունի հնարավորություն՝ չընդունելու Արայիկ Հարությունյանի հրաժարականը.
«Սակայն ԱԺ-ում օգոստոսի 29-ին մոտ 6 ժամ տեւած քննարկմանը ներկա են եղել մոտ 80 մարդ, նա հայտարարեց, որ ինքը խորհրդատվություն է իրականացնելու, եւ իր որոշման մասին հայտնելու է, դա նշանակում է, որ այդ 2 օրվա ընթացքում նա խորհրդակցել է ինչ-որ շրջանակների հետ, կանխատեսելի է, որ դա հենց իր քաղաքական թիմն է: Եվ կարծում եմ՝ իր քաղաքական թիմը, որը ներկայացված է խորհրդարանում, ունի արդեն որոշում ընդունելու այն»:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հեռանալը դրական հետեւանքներ կունենա, որովհետեւ Արցախի ներկայիս իշխանություններ թույլ են եւ չեն կարողանում որոշումներ կայացնել:
«Այս իշխանությունները տեղի են տալիս բոլոր ճնշումներին՝ դա կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ստացվել է հակառակ իրավիճակ, Արցախի ժողովուրդը պատրաստ չէ զիջումների, իսկ իշխանությունները ենթարկվում էին այդ ճնշումներին: Այդ հրաժարականն Արցախում օդի ու ջրի պես էր: Լավ կլիներ, որ այդ հրաժարականը տրվեր պատերազմից անմիջապես հետո, բայց ինչեւէ կարծում ենք՝ ամեն ինչ դեռ ավարտված չէ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացնում ճնշման ազդեցության ներքո, պատգամավորն ասաց. «Արցախում որպես այդպիսին Արայիկ Հարությունյանի նկատմամբ ճնշում չի եղել: Ներքին կամ այլ վայրերում ճնշումները բացառվում են: Մենք՝ որպես քաղաքական ուժ դրան չենք գնացել: Գուցե հասարակության ճնշումն է եղել»:
Մետաքսե Հակոբյանը անդրադառնալով այն դիտարկմանը, թե նա հեռանում է պատասխանատվությունից խուսափելու պատճառով, ասաց.
«Դեռեւս զերծ կմնամ պատասխանատվությունից խուսափելու կարծիքը մեկնաբանելուց, որովհետեւ շատերն ունեն իրենց մեղավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում նույնպես պետք է դերակատարի փոփոխություն լինի, որպեսզի կարողանանք 2 հայկական պետությունները ավելի մեծ թափով փրկել, որովհետեւ դժվար է ասել, թե ինչպես կկարողանա Արցախը ոտքի կանգնել եւ 120 հազար հայերով փրկել 10 միլիոն հայի ճակատագիրը»:
Անդրադառնալով ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին պետնախարար նշանակելու որոշմանը, Հակոբյանն ասաց. «Նա իր զբաղեցրած պաշտոններում միշտ աչքի է ընկել պետականամաետ մտածողությամբ, ինչպես նաեւ սառնասիրտ քայլեր կատարելու ունակությամբ: Չեմ կարող ասել, թե այս պաշտոնում ինչպես կպաշտոնավարի, բայց ես լավատես եմ»: