Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Այս մասին Այս մասին  La Repubblica թերթի լրագրողին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը:

«Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:

Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, այժմ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ երկու պատճառով. «Կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:

Լրագրողի ճշտող հարցին, թե չեն կարողանում պահել, թե չեն ցանկանում, Փաշինյանը պաստախանում է՝՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում:

«Բայց ես չեմ ցանկանա դրա մասին խոսել: Իհարկե, ես ունեմ իմ վարկածները, իմ պատկերացումները, իմ համոզմունքները և դրանց մի մասը նաև արտահայտել եմ հրապարակային: Իհարկե, այդ հրապարակային արտահայտությունների մեջ գուցե պատճառահետևանքային կապերն այդքան ուղիղ չեն եղել, բայց ուշադիր հետազոտողը, կարծում եմ, այդ կապերը կտեսնի:

Այս իրավիճակը, տեսեք, ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար, որովհետև Հայաստանը ֆորմալ առումով, ինչու եմ ասում ֆորմալ առումով, որովհետև մենք դրա գործիքակազմից չենք կարողացել փաստացի օգտվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, և այս տրամաբանության բերումով բոլոր արևմտյան երկրների կամ փորձագետների հայացքով և տրամաբանությամբ Հայաստանը պրոռուսական երկիր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանում շատ շրջանակներ Հայաստանը կամ նրա գործող կառավարությունը և քանի որ կառավարությունը ձևավորվել է ժողովրդի մեծամասնության քվեով, համարում են պրոարևմտյան: Այստեղ մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ եթե պրոռուսականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ կամ եթե պրոարևմտականությունն ունի ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, որովհետև Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին: Օրինակ՝ այն պատճառով, որ Հայաստանն Ուկրաինայի հետ կապված, իրենց տեսակետից, բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում օգտվել պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ Հայաստանին համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ, օրինակ, որ Ուկրաինայի հետ կապված բավարար չափով, իրենց տեսակետից՝ բավարար չափով, չի ընդդիմանում կամ դիմադրում Ռուսաստանին: Եվ հենց սրանում է մեր իրավիճակի նրբությունը և վտանգավորությունը»,-ասել է Փաշինյանը:

 

Spread the love