Այսօր միաձայն քվեարկության արդյունքում ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց ԱՐՄԵՆ ՄՈւՐԱԴՅԱՆԸ

Ֆեսբուքյան իր էջում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրում է՝

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, որից 1-ը բացակա էր հարգելի պատճառով:

Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:

Շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանի ղեկավարումը իրեն կրկին վստահելու համար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը` ընդգծելով հատկապես բուհի միջազգայնացման աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Բժշկական կրթության որակի բարձրացումը և միջազգային որակի կրթության տրամադրումը մշտապես եղել է համալսարանական մեծ թիմի ուշադրության կենտրոնում: Նախանշվածի համաձայն` ավելացվել է օտարերկրացի ուսանողների թիվը` ընդլայնելով երկրների աշխարհագրությունը:
Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:
Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:
Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:
Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
Spread the love