Անկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները.Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է  Սեպտեմբերի 4-ի Պուտին-Էրդողան հանդիպմանը և դրա հետ կապված կատարել է ուշագրավ գրառում, որում մասնավորապես ասվում է ՝ Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ՌԴ եվ Թուրքիայի նախագահների հանդիպումը  լուսաբանվում և մեկնաբանվում է գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներում: Հանդիպումն անասելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն կարելի որակել մեծամասամբ չբացահայտված, պատասխանների փոխարեն հարցեր առաջացնող և ստվերային: Հանդիպումը տևել է երեք ժամ, որից մեկ ու կեսը եղել է հանդիպում թիմերով, իսկ մյուս կեսը՝ նեղ շրջանակով երկու ղեկավարների գաղտնի բանակցություն: Իմ տպավորությամբ բավականին մեծ ներկայացուցչական թիմով, հանգուցային նախարարներով ժամանելով Սոչի կողմերը պիտի, որ ավելի երկար, գուցե և մի քանի փուլով ըստ ոլորտների բանակցություններ վարեին, որին շունչները պահած սպասում էին Բրյուսելում, Վաշինգտոնում և հասկանալի պատճառներով նաև Երևանում: Չեմ կարող ասել երեք ժամը շատ է, թե քիչ այսպիսի մակարդակով հանդիպման համար, բայց իմ դիտարկմամբ ընդհատված հանդիպման տպավորություն է թողնում: Հայտարարվեց ընդհամենը մեկ համաձայնության մասին. Ռուսաստանը մեկ միլիոն տոննա հացահատիկ է տալիս Թուրքիային, որն այստեղ վերածվում է ալյուրի և Քաթարի միջոցներով տեղափոխվում Աֆրիկայի աղքատ երկրներ: Այսքանը և վերջ: Էրդողանը Թուրքիա այցելելու Պուտինի հրաժարվելուց հետո ամբիցիաներ չցուցաբերեց, գնաց Սոչի, որը լրիվ համընկնում է երկու աթոռին նստելու նրա դիվանագիտության հետ: Նա արդեն երկար ժամանակ է, որ ցանկալի անձ է և՛ Արևմուտքում և Մոսկվայում: Արևմտյան լիդերները փաստացիորեն Պուտինի հետ կարողանում են խոսել միայն միջնորդավորված և միայն Էրդողանի միջոցով, մի հանգամանք որը բարձրացնում է նրա կշիռն ու ազդեցությունը միջազգային հարթակներում: Տեղեկատվության սղությունն ու անկատարությունը հնարավորություն չի տալիս ամբողջապես լուսաբանել Սոչիի ռուս-թուրքական հանդիպման նշանակությունը որովհետև դրանով է պայմանավորված նաև իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Քանի որ առանցքային նշանակություն ունեցող ուկրաինական հակամարտության և հացահատիկային գործարքի հարցերը լուծում չեն գտել, մյուսները ինքստինքյան դուրս են մղվել կամ էլ քննարկվել են մակերեսայնորեն: Ինչպես օրինակ զարգացումները սիրիական ճակատում: Բայց շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳՆ Ֆիդանը անմիջապես մեկնել է Թեհրան, որտեղ իր գործընկերոջ հետ վարել է բանակցություններ, ամենայն հավանականությամբ Սոչիից բերված մեյսիջների շուրջ: Հիշարժան է նաև այն, որ Իրանի արտգործնախարարը ելույթում կրկին անթույլատրելի է համարել տարածքային-աշխարհաքաղաքական փոփոխությունները: Իսկ մենք լավ գիտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Անկախ ամեն ինչից, այս անկանխատեսելի և հակասական միջազգային իրադրության պայմաններում Թուրքիայի երկարամյա ղեկավարը աչքի է ընկնում իր դիվանագիտական հմտություններով ու կարողություններով:Անկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները:

Լրատվություն

Spread the love