Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը :

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը :

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:

«Կառավարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում ինքնակամ կառույցների կանխարգելման համար եւ այս իրավախախտումները Հայաստանում դեռեւս, ցավոք սրտի, մեծ թիվ են կազմում : Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի ենթարկվելուց հետո էլ շարունակվում է վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը : Նշված իրավիճակը հետեւանք է նաեւ այն բանի, որ քննարկվող իրավախախտման համար սահանված վարչական տույժերն այս պահին անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը»,- ասել է Արմենուհի Հարությունյանը՝ մանրամասն ներկայացնելով տուգանքի չափերը :

Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տուգանքների, շինությունների քանդման, ինքնակամ կառույցների շինարարության կասեցման, ապօրինի շինարարությունների քանդման գործընթացի դանդաղ ընթացքի վերաբերյալ : Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բարձրացրած հարցերի վերաբերյալ կազմակերպել փակ քննարկում Քաղաքապետարանի, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ :

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն :

Spread the love