««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, փաստաթղթին միացել է ավելի քան 110 երկիր: Նպատակն է 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը:
Համաձայնագիրը սահմանում է հարկային նպատակով օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, փոխանակման ժամանակացույցը եւ եղանակները, տեղեկության գաղտնիության պահպանման եւ տվյալների պաշտպանության կանոնները: Աշոտ Մուրադյանն ընդգծել է այն հանգամանքը, որ համաձայնագրին միանալը չի նշանակում տեղեկությունների փոխանակման անմիջական մեկնարկ եւ չի ենթադրում պարտադիր փոխանակում համաձայնագիրը ստորագրած բոլոր պետությունների իրավասու մարմինների հետ: Համաձայնագրին միանալուց հետո տեղեկությունների փոխանակումը մեկնարկելու համար համաձայնագիրը համակարգող մարմնին (ՏՀԶԿ-ի Քարտուղարություն) կներկայացվի սահմանված ձեւի պաշտոնական ծանուցում:
Ըստ զեկուցողի՝ համաձայնագրին միացումն արդյունավետ է ե՛ւ հարկային վարչարարության, ե՛ւ ՀՀ միջազգային վարկանիշի ապահովման առումով:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին» օրինագծերի քննարկումը: