Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամ-ալիքում։
«Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի»։
«Մի նեղացեք, այդ մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար եւ սիրող»,- ամփոփել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով Սիմոնյանի քննադատությունը Լաչինի միջանցքի եւ ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, նշել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները վերջին ժամանակներս «բռիության մակարդակի» հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Ի պատասխան՝ ԶԼՄ-ում հայտնվել էր Սիմոնյանի ակնարկը, որում նա ասել էր, որ չի արձագանքի «ինչ-որ քարտուղարուհու»։