Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի և հեղինակավոր բրենդ է, այլև համաշխարհային առևտրի ցանց է և էկոհամակարգ, որը ներառում է տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ, քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայաններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը World Trade Center-ի անդամ է և բրենդի Հայաստանում տիրապետողն է դարձել:
«Այս ծրագրով մենք նախատեսում ենք կառուցել մոտ 123 հազար քմ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ՝ 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ. միջոցառումների համար նախատեսված բաղադրիչներ, էքսպոկենտրոնի համար սրահներ, կոնֆերանս դահլիճներ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների, գործարար կենտրոն նոր ստարտափերի, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն սահմանելու համար: Զբոսաշրջությանը նպաստող գործունեություն կիրականացվի այնտեղ, բազմաթիվ այլ ծրագրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատված է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Քերոբյանը:
Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 ՀՀ դրամ, որից 10 949 260 000 ՀՀ դրամ ներդրումը կկատարի ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 ՀՀ դրամ:
Ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ՝
ա. Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 %.
բ. «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %.
գ. Ներդրող՝ 50 %:
«Ըստ էության, Երևանի Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի փոխարեն Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր՝ շենք, և, իմ գնահատմամբ ու կարծիքով, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել: Մենք՝ նկատի ունեմ Հայաստանում չի կառուցվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին Կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով: «Եվ 200 մլն դոլարի ներդրումը կբերի, իմ կարծիքով, ճարտարապետական նոր որակ, շինարարության նոր ստանդարտներ, նոր որակ և նոր փորձառություն, որը, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, այս մասշտաբի ներդրումը լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»:
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «Հայփոստի» զարգացմանը: «Մենք, տեսնելով, որ էլեկտրոնային առևտրի ծավալները գնալով մեծանում են, տեսնում ենք, որ «Հայփոստը» սորտավորման նոր ժամանակակից կենտրոնի կարիք ունի, որն ավելի մեծ ծավալի բեռներ մշակելու հնարավորություն կընձեռի, որովհետև գործող սորտավորման կենտրոնը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Մենք արդեն սկսել ենք հաշվարկները, հարմար տեղ ենք փնտրում, որտեղ կարող է լոգիստիկ առումով տեղակայվել: Նաև Սարյան 22 շենքն ինքն իրենով կառուցված է եղել խորհրդային ժամանակներում և ժամանակակից ոչ մի չափանիշների չի համապատասխանում, և քաղաքի կենտրոնական մասում նման շենք ունենալը համաշխարհային կենտրոնի տեսքով, կարծում եմ, շատ լավ առաջընթաց կլինի քաղաքի տեսքի համար»,- նշեց նա: