ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնամուտի արարողությանը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էր 30 պատգամավոր։

Նորընտիր նախագահը երդվել է Սահմանադրությամբ և 17-րդ դարի Ավետարանի վրա։ Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

«Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել: Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին ՝ իր երկրի ղեկավարների կողմից: Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը և ողջ հայության համախմբման շարժիչ ուժը», – ընդգծված է հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում:

ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար  Գագիկ Բաղունցը Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է  Սամվել Շահրամանյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Հատուկ նիստին մասնակցել են ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը,  ԱՀ ԱԺ 3 գումարումների նախագահ Աշոտ Ղուլյանը, ուժային կառույցների ղեկավարներ, ԱՀ անվտանգության խորհրդի ու կառավարության անդամներ, դատական համակարգի պատասխանատուներ, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանային վարչակազմերի ղեկավարները, քաղաքական կուսակցությունների և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Spread the love