Ռուսական բեռները չեն հասել Արցախ, Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը.

Ասկերան քաղաքով ռուսական բեռները չեն հասել Արցախ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Գալստյանն ասաց, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բեռների՝ Արցախ հասնելու համար, եւ, ըստ խմբակցության ղեկավարի, Ադրբեջանը խախտում է ոչ միայն այդ, այլ նաեւ շատ այլ պայմանավորվածություններ.

«Ըստ տելեգրամ ալիքների՝ բեռը Բարդա քաղաքում է այժմ: Այն, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է ճգնաժամային այս իրավիճակը հանգուցալուծելուն, դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր ցեղասպան գործողություններից, եւ իր բոլոր քայլերը կատարում է այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը չի սկսվել միջանցքի փակումով եւ չի վերջանում Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները պարբերաբար խախտելով.

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի շուրջ՝ 3+1 ֆորմատով պետք է ընթանան բանակցությունները, որտեղ ներկայացված կլինի Արցախի Հանրապետությունը՝ որպես շահառու եւ այդ ֆորմատով փորձեն հարցերը կարգավորել: Հայաստանի իշխանությունները թողնելով Արցախին մենակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, Հայաստանի իշխանությունները գործնական քայլերով հանդես չեն եկել»:

Անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու Արցախի իշխանությունների կողմից տրված համաձայնության առնչությամբ հնչող քննադատություններին՝ Գալստյանն ասաց,

«Եթե այսօր իշխանություններն արդեն կարողանում են որոշում կայացնել եւ հայտարարել, որ իրենք պատասխանատվություն են կրելու իրենց որոշման համար, դա ողջունելի է: Իսկ դա ներկայացնել որպես Աղդամի ճանապարհի բացում, դա մի քիչ բարձր է ասված, քանի որ ինքս շփվել են Ասկերանում հերթապահություն իրականացնող քաղաքացիների հետ, եւ ընդհանրապես հայ ազգի համար ընդունելի չէ ադրբեջանական որեւէ բեռ կլինի դա ռուսական ավտոմեքենայով, թե ադրբեջանական»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն:

Արցախի Հանրապետության իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը. տեղեկատվական շտաբ

 

Spread the love