Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում:  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։

«Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից:

Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն:

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել էր, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետեւելու եւ վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը: «Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի եւ սարքավորումների ապահով եւ անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,- գրել էին դիտորդները:

Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է եւ արվել է մեկ այլ գրառում հետեւյալ բովանդակությամբ.«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետեւելու անվտանգության եւ ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով եւ անվտանգ միջավայրի ստեղծմանը»:

Spread the love