Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից:
Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։